Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սունդուկյանի թատրոն մտած բոլոր ռեժիսորներին զոհի ճակատագիրն է վերապահված

Սունդուկյանի թատրոն մտած բոլոր ռեժիսորներին զոհի ճակատագիրն է վերապահված
09.09.2008 | 00:00

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՍՅՈՒՆԵՐԸ
Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակը բարձրացնելուն իբր միտված պաշտոնական հանկարծահաս «բարեփոխման» հարուցած կրքերն ամենևին էլ չեն հանդարտվել։ Զտարյուն սունդուկյանցիներն ու հայ թատրոնի ճակատագրով անկեղծորեն մտահոգված արվեստասերները դժվարազուսպ համբերությամբ սպասում են կոնկրետ արտահայտությունների ի հայտ գալուն։ Անորոշ սկզբունքայնությամբ ձևավորված նոր գեղխորհրդի կազմը հաստատված է։ Բայց և այնպես որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում։ Քաջածանոթ լինելով դրանում ընդգրկված մտավորականների թատերաճանաչությանը՝ դժվարանում եմ հավատալ այս հավաքականությանը վերագրվող մշակութապահպան առաքելության ռեալականությանը։ Առավել ևս՝ բարձրարվեստ ներկայացումների ծնունդի կայացմանը շուտով նպաստելու ներուժին ու փորձառությանը։ ՈՒստի ավելորդ չեմ համարում լայնահայաց անդրադարձով վհատ մեկ փորձ ևս անել՝ ակնհայտ փլուզումից Ազգային թատրոնը փրկելու տագնապս բազմաձայնելու։ Գուցե հնարավոր լինի կանխել վերջնական կազմալուծումը։
Չեմ կարող անտարբեր լինել ո՛չ Սունդուկյանի անվան թատրոնի, ո՛չ նրա գեղարվեստական, ավա՜ղ, երբեմնի ղեկավարի ճակատագրի հանդեպ։
Վահե Շահվերդյանին ճանաչում եմ առաջին իսկ լուրջ քայլերից։ Իբրև տաղանդաշատ ուսանողի նրան նկատել է Վարդան Աճեմյանը դեռևս թատերական ինստիտուտում։ Ապա հրավիրել է Մայր թատրոնում իր ղեկավարությամբ բեմադրելու դիպլոմային աշխատանքը՝ Սունդուկյանի «Ամուսինները»։ Ես պատիվ եմ ունեցել լինելու դրա ընդդիմախոսը։
1972-ի հուլիսի 19-ին, պաշտպանությունից հետո, Աճեմյանը գրեց իր ուղերձը սկսնակ բեմադրիչին. «Թանկագին Վահե, հիմա դու «մկրտվեցիր», շնորհավորում եմ։ Համոզված եմ, սեփական ջանքերով ու հնարավորություններով կհասնես այն բարձունքներին, որոնց մասին երազում ես»։ Աստծո կամոք, ուսուցչի հիշատակին հավատարմությամբ և մեր մերկանտիլ կյանքի իդեալական նախասկզբի երկրպագությամբ՝ Աճեմյանի այս ցանկությունն իրականացավ։ Շահվերդյանը սրբագործություն կատարեց՝ ավերակներից վերաշինելով Ազգային ակադեմիական թատրոնը, դառնալով նրա գեղարվեստական ղեկավարը։ Տարիներ անց ղեկավար աթոռների համար դերասանների մղած իսկական պատերազմից ու Աճեմյանի «չարանենգ սպանությունից» հետո։
Իր բոլոր բեմադրություններում Շահվերդյանը կարողանում է պահպանել լավագույն ավանդույթները՝ թարմացնելով դրանք արդիականության «օզոնով»։ Եվ երբեք չի անցնում թատրոնի «ազգային», «ակադեմիական» բացառիկ առաքելության սահմաններից։ Իր բոլոր ստեղծագործական երազանքներն ու մղումները խեղդում է չափի սրված զգացողության մեջ։ Դա արդեն արվեստ է։ Ստեղծագործական գերխնդիրը՝ ապրել սեփական ժողովրդի ճակատագրով՝ ճշմարիտ հայրենասիրություն։
Վահե Շահվերդյանը սիրում է ճշգրտել ինքն իրեն և ստուգաբանել կոլեկտիվին՝ քննություն հանձնելով այն երկրներում, որոնք ունեն չափազանց բարեկիրթ ու խստահայաց հանդիսատես։ Ռուսաստանում (Մոսկվա), Վրաստանում (Թբիլիսի), Լատվիայում (Ռիգա), Ֆրանսիայում (Ստրասբուրգ), Միացյալ Նահանգներում (Կալիֆոռնիա)... Եվ ամենուր, առանց բացառության, արժանանում ամենաբարձր պարգևների։
Նրա բոլոր բեմադրություններն ինձ քաղաքացիական ու մասնագիտական իրավունք են տալիս համարելու նրան բարձրարվեստ, խորագետ, արժանապատիվ և սկզբունքային պատասխանատվությամբ օժտված վարպետ, թատերաշինարար։ Ամենևին էլ չեմ գերագնահատում։ Նրա անցած արարչագործական շլափայլ ողջ ուղին պերճախոս վկայությունն է ասվածի։
Շահվերդյանը վերականգնեց Կիրովականի (այժմ՝ Վանաձորի) Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը՝ դառնալով նրա գլխավոր ռեժիսորն ու տնօրենը։ Կառուցեց շենքը, կրկնապատկեց թատերախումբը (48 մարդ), ինչպես ուսումնական հաստատությունում, կրթեց՝ արդյունքում ստեղծելով ավելի քան ինտելեկտուալ խաղացանկ։ Թերթելով գորբաչովյան վերակառուցման, երկրաշարժի, Արցախյան ազատամարտի, խորհրդային կայսրության փլուզման տարիների նրա աշխատանքները ներկայացնող «Բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի» երկհատոր գրքի առաջին մասը (ի դեպ, կազմված միայն մամուլում հրապարակված հոդվածներով)՝ վերստին արժևորում եմ ստեղծագործական տարեգրության վանաձորյան շրջանը որպես անզիջում ու ակնածալի թատերապայքար։ Յուրօրինակ ճակատամարտ, որի հաղթանակը գավառական թատրոնի վերընթացն էր դեպի եվրոպական չափորոշիչներ։
«Ռիչարդ Երկրորդ» ներկայացումը յուրատեսակ հայտնություն էր թատերական Մոսկվայի համար,- գրում է Ն. Բալաշովան «Московская правда»-ում (04.08.1987),- և կրկին վկայեց, որ ծայրամասն արվեստում ոչ թե աշխարհագրական, այլ ստեղծագործական հասկացություն է։ Հաջողությունն ապահովվում է ոչ թե նորաձևությամբ, այլ խիզախությամբ ու պրպտուքով»։
«Բոլոր բեմադրությունների հեղինակը Վահե Շահվերդյանն է, անկասկած, յուրաոճ, սեփական ձեռագիր, ինքնատիպ երանգավորում, բեմական տարածության և թատերական մթնոլորտի կազմակերպման ուրույն սկզբունքներ ունեցող ռեժիսոր»,- գրում է Գ. Տրեյմանիսը «Ригас Балсо»-ում (03.11.1988)։
«Ի՞նչ եզրակացրի՝ նայելով Կիրովականի դրամատիկական թատրոնի ներկայացումները՝ «Դիմակահանդես», «Ռիչարդ II», «Քաոս», «Երեք քույր», «Դավաճանություն»,- գրում է Լ. ՈՒնգուրյանուն («Советская Молдавия», 07.06.1989),- թատրոնի մակարդակը միանշանակ եվրոպական է՝ ժամանակակից բեմարվեստի լեզվի կատարյալ տիրապետմամբ»։ «Իսկ Վահե Շահվերդյանը Էդուարդաս Մեժելայտիս պոետն է հայ թատրոնում» (Ռ. Դավիդով, «Свободная Грузия», 01.07.1994)։
Ընդարձակ թատերաքարտեզի բազում հանգրվաններում (Արցախ, Երևան, Բառնաուլ, ՈՒժգորոդ, Յալթա, Օրյոլ...) նույնաշունչ վավերագրեր են հեղինակել մի քանի տասնյակ հայ և այլազգի կարկառուն արվեստագետներ, մտավորականներ՝ Ի. Խիմշիաշվիլի, Կ. Կուցիա, Ն. Վելեխովա, Ժ. Մարտինելի, Պ. Մերլ, Ֆ. Լոպես, Ս. Ալտեր, Ռ. Զարյան, Լ. Հախվերդյան, Մ. Սանթոյան, Ս. Հարդենյան, Ն. Բաշինջաղյան...
Իսկապես առանձնահատուկ է Ազգային ակադեմիական թատրոնը։ Այստեղ անմոռաց նախնիների հզոր ստվերներն են։ Արտիստական շողշողուն աստղաբույլեր։ Յուրահմա տաղանդներ։ Ժամանակով էր պայմանավորված նրանց ծնունդը։ Հասարակական համընդհանուր երջանկության բուռն հավատով։
Ամենքին է գայթակղում ու ձգում այս թատրոնը։ Արդյո՞ք բոլորն են արժանի։ Գուցե՝ ո՞չ... Լինելով թատերապաշտ ժողովուրդ՝ ներողամտորեն ենք վերաբերվել դժվարագույն մասնագիտության տերերի մարդկային ինչ-ինչ արատավոր դրսևորումներին՝ փառասիրություն, նախանձ, չարակամություն, դերասանների և բեմադրիչի հակամարտություն... Դրանք, սակայն, որպես կանոն, ավարտվում են բեմադրիչին «խժռելու» դերասանական ինքնահատուկ «հիվանդության» համաճարակով։ Մոլագարության հասցնող։ Հազվադեպ բացառություններով, ինչպիսին Վարդուհի Վարդերեսյանն է՝ մեր մեծերի կենդանի հիշողությունը։ Նա միակն էր, ով ընդդիմացավ Վարդան Աճեմյանի սպանությանը։ Այժմ էլ փորձում է Լինչի դատաստանից ազատել Վահե Շահվերդյանին։ Փա՛ռք ու պատի՛վ Մայր բեմի Մեծ տիկնոջը։ Ազգը նրանցո՛վ է կանգուն։
Ճգնաժամային հասարակական հարաբերություններում Աճեմյանի՝ հնարավոր դարձած սպանության մաթեմատիկական ճշգրտությամբ վերլուծությունն ու պատմական փաստերի համադրումը Ռուբեն Զարյանին հանգեցրին հետևյալ եզրակացության։ Սունդուկյանի թատրոն մտած բոլոր ռեժիսորներին զոհի ճակատագիրն է վերապահված։ Լևոն Քալանթարին (հիմնադրին), Արշակ Բուրջալյանին (ըստ որում՝ ոչ գեղ. ղեկավար, այլ շարքային բեմադրիչ), Արմեն Գուլակյանին, Տիգրան Շամիրխանյանին... Վաղարշ Վաղարշյանին չփրկեց դերասանական համքարությանը պատկանելն անգամ։ Շատերն են ստիպված եղել դերասանական մաղձադաշինքի ճնշման տակ լքել թատրոնը։
Զարյանը փորձում էր հոգեբանական բացատրություն գտնել այս չարաղետ երևույթին. «Դերասանն «ապրում» և «գործում» է դերից դեր։ Դա անպայման հետք է թողնում նրա հոգեկերտվածքի վրա։ Տվեց ռեժիսորը ցանկալի դերը՝ լավ ռեժիսոր է։ Չտվեց, վատն է, ավելին՝ հակառակորդ, թշնամի... 5-6 տարում դերասանները համախմբվում են և գործում ընդդեմ ռեժիսորի։ Հույսեր կապելով նորի հետ։ Այդպես է մեր թատրոնում։ Նաև ուրիշ թատրոններում»։
Հետևեին ներկա սունդուկյանցիները Ռուբեն Զարյանի ծանրակշիռ ուսումնասիրության պատգամներին՝ վերջին ողբերգությունը գուցե կանխվեր.
«1.Կարճ հիշողության դեպքում անցյալի սխալները դյուրությամբ են կրկնվում։
2. Անպայման պետք է լինեն վեճեր, բարեփոխումներ, բայց ոչ մեկմեկու ոչնչացնելու նշանաբանով՝ մինչև իսկ հանուն ամենավեհ նպատակների։
3.Հեռացողի նկատմամբ երախտագիտության զգացումը ազգապահպանության սյուներից է։ Ավելի լավ չէ՞ր լինի հավերժ հեռացածի նկատմամբ տածած հոգատարությունից գեթ փոքր-ինչ բաժին հանել կենդանի մարդկանց»։
Ինձ չի զարմացնում Սունդուկյանի թատրոնի ներկայիս հոգևոր տկարությունը։ Դրա բացիլը տարածել ու տարածում են մշակույթի, գիտության գերեզմանափորները։ Հզոր կամ նվազ մտավոր ներուժով, հանրագիտարանային խոր կամ սահմանափակ պատրաստվածությամբ։ Որոնելով կատարելապես աննշան և նեղ անձնական, եսակենտրոն ինչ-որ շահ՝ նրանք շուրջ տասը տարի թաղում են թատրոնը։ Այսօր հուղարկավորման մտքերի էներգիան գործադրվում է փութեռանդորեն՝ հպատակվելով պատմության մեջ սեփական հետքը թողնելու ազնվաբարո զգացողության ծայրահեղ պոռթկումին՝ փառամոլությանը։ Նրանց պարագայում չի կարևորվում հետագծի բովանդակությունը։ Գերնպատակը արվեստագետին՝ գլխավոր ռեժիսորին, ոչնչացնելն է։ Ապա իրագործել ոչ թե Ազգային ակադեմիական թատրոնի ժամանակակից կապիտալիզացիան՝ կյանքի իդեալական նախասկզբի ու նյութական գաղափարի միաձուլումը, այլ թատրոնի հիմնահատակ փլուզումը։ Մարդկանց երկոտանիների վերածելու հետևողական գործընթացը։
21 դար շարունակ ողջ աշխարհի տղամարդիկ զարգացրել են միայն «Պատերազմի արվեստը»։ 21-րդ՝ Ոսկե դարը կոչում են նաև Մայր մոլորակի դար կամ պարզապես՝ Կնոջ դարաշրջան։ Միայն կինը կարող է ծնել «Խաղաղության արվեստը»։ ՈՒզում եմ հավատալ, որ բոլոր ժամանակներում կնոջ առանձնակի երկրպագությամբ աչքի ընկնող մեր ժողովուրդը գիտակցաբար թույլ չի տա հայկական պրագմատիկ, մերկանտիլ ու աղքատիկ իրականության մեջ իդեալական նախասկզբի ոչնչացումն ու անէացումը։
Կոչեմ ապրողաց...
Իդա ԲԱԲԱՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու

Դիտվել է՝ 7877

Մեկնաբանություններ